Հայաստանը ունի 157 երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ, 87 միջազգային կազմակերպության անդամ է, արտերկրում 61 դիվանագիտական ներկայացուցչություն է գործում:
Ադրբեջան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը այժմ փակ է, ինչպես նաև երկրների միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ։
Եվրոպա
Հունգարիա
2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերեությունները խզվեցին։ Խզման պատճառը ադրբեջացնի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն էր Ադրբեջանին։ Վերջինս Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման հայազգի Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար։ Սակայն Ադրբեջան վերադառնալուն պես Իլհամ Ալիևի հրամանագրով Ռամիլ Սաֆարովը ազատ է արձակվել և պարգևատրվել մի շարք մրցանակներով։
Հունաստան
Հունաստանը մեկն էր այն առաջին երկրներից, որոնք ճանաչեցին 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակած Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախությունը, ինչպես նաև մեկն է այն պետություններից, որոնք պետականորեն ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ 2007 թվականի հունիսին Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլյասը այցելեց Հայաստան։ Նրա խոսքերով. Հունաստանը Ռուսաստանից հետո Հայաստանի երկրորդ ռազմական գործընկերներն է և ամենամոտ դաշնակիցը ՆԱՏՕ-ում։ Ամեն տարի մի քանի հայ սպաներ վերապատրաստություն են անցնում Հունաստանում, Հայաստանն էլ ռազմական և բժշկական աջակցություն է ցուցաբերում։
2003 թվականին երկու պետությունները ստորագրեցին փոխադարձ ռազմական աջակցության համաձայնագիր, որի համաձայն նախատեսվում է ավելացնել Աթենքի ռազմական և ռազմաբժշկական ակադեմիաներում սովորող և վերապատրաստում անցնող զինվորների սպաների թիվը։
Վրաստան
Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների, ինչպես նաև դեպի ծովը ելք չունենալու պատճառով, Վրաստանը Հայաստանի համար բավականին մեծ դեր է խաղում ապրանքների արտահանման և ներմուծման ոլորտում։ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է երկաթուղի, որով էլ արտահանվում է հայկական ապրանքների մեծ մասը։ 2009 թվականին Վրաստանի ապրանքաշրջանառության մեջ Հայաստանը չորրորդ տեղում էր (Վրաստանի արտահանած ապրանքների 7,9%-ը)։ Հայաստանը Վրաստան է արտահանում հիմնականում էլեկտրաէներգիա։
Եվրամիություն
Հայաստանը հայտարարել է իր մտադրությունները կապված եվրոպական ինտեգրման, ինչպես նաև Եվրոպական Միությանը անդամակցության հետ։ Հայաստանը 2004 թվականից մասնակցում է «Եվրոպական Հարևանության Քաղաքականություն» և 2009 թվականին «Արևելյան գործընկերություն» ծրագրերին։
Իսրայել
Հայաստանը և Իսրայելը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ, սակայն միմյանց մոտ չունեն դեսպանատներ։ Փոխարենը, Իսրայելի դեսպանը Հայաստանում գտնվում է Թբիլիսի (Վրաստան), և Երևան է գալիս երկու ամիսը մեկ, իսկ Հայաստանի դեսպանը Իսրայելում գտնվում է Ֆրանսիայում։ Հայաստանը ունի հյուպատոսություն Իսրայելում։
Իրան
Իրանի Իսլամական Հանրապետությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը։ 1992 թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվեց հռչակագիր՝ Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Նույն օրը ստորագրվեց Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը։ 1992 թ. ապրիլին Երևանում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը։ 1992 թ. դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի դեսպանությունը։
Հայաստանի վերջին ամենանշանավոր արտաքին քաղաքականության հաջողությունը եղել է օգոստոսի 29-ին, երբ Ռուսաստանի հետ ստորագրեցին բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր, որով Մոսկվան պարտավորվում է պաշտպանել Հայաստանին, երրորդ կողմի հարձակման դեպքում։ Ռուսաստանը հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության պաշտպանության խաղացողներից մեկը, և այն Հայաստանի պատմական դաշնակիցն է։ Այս պայմանագիրը թեպետ հանդես է գալիս որպես պատասխան Ալիեևի ԱՄՆ մեկնելուն, այնուամենայնիվ պայմանագիրը հավանաբար վաղուց էր զարգացել։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ավելի լայն համատեքստում Երևանը թեև ողջունում է Ռուսաստանի անվտանգության երաշխիքը, բայց Հայաստանը չի ցանկանում ապավինել միայն Մոսկվային, ոչ էլ ցանկանում է դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի Անդրկովկասյան հարցերի առճակատման մասը։
ԱՄՆ
Միացյալ նահանգները Հայաստանը անկախ է ճանաչել 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 7-ին։
Թուրքիա
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի՝ Ադրբեջանին Ղարաբաղյան հարցում աջակցության պատճառով։